Սերգո Կարապետյանը «Colle Doro»-ի պատվիրության հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանըսեպտեմբերի 18-ին ընդունել է իտալական «Colle Doro» ընկերության պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերությունը մասնագիտացած է պտուղ-բանջարեղենի արտադրության մեջ և հետաարքրված է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղություններից է, և վերջին տարիներին ոլորտում գրանցվում է կայուն առաջընթաց:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսակետից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել, քանի որ գյուղատնտեսության ոլորտը ազատված է հարկերից»,- նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Ներդրումների իրականացման առումով առավել նպատակահարմար ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է ջերմոցային տնտեսությունների ստեղծման, պտղատու այգիների հիմնման, նոր գինեգործական ընկերությունների ստեղծման հնարավորությունը:
Նա կարևորել է նաև անասնապահության ոլորտը` որպես ներդրումային կարևոր ուղղություն, որի զարգացումը թույլ կտա ոչ միայն ավելացնել մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալները, այլև ընդլայնել պանրի արտադրանքի տեսականին: Ընդգծելով, որ հայկական պանիրը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան, հատկապես, ռուսաստանյան շուկայում` Կարապետյանը հավելել է, որ այս ոլորտում ներդրումների իրականացումը կնպաստի արտադրատեսակի արտահանման ծավալների աճին:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով և ներկայումս ուսումնասիրում են ներդրումային առումով առավել հեռանկարային ուղղությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել իտալացի գործարարներին` Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում: