Հայաստանի եզդիները ողջունում են սահմանադրական բարեփոխումները
SocietyՀայաստանի եզդիները ողջունում են սահմանադրական բարեփոխումները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
«ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նոր նախագծում 89-րդ հոդվածի երկրորդ կետով նախատեսվում է ԱԺ-ում տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների համար: Միայն գովասանքի է արժանի սա, և ճիշտ է: Ամենաժողովրդավարական երկրում էլ, ինչպես եվրոպական երկրների դեպքում է, ոչ մի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ իրական հնարավորություն չի ունենում մտնել օրենսդիր մարմին, որովհետև դրա համար պետք է ոչ թե իրավունք, այլ հնարավորություն: Փառք Աստծո, մեր պետությունն այդ լրացուցիչ հնարավորությունը սահմանում է»,- նշեց Ամո Շարոյանը:
Նրա խոսքով` եզդի և հայ ժողովուրդների անցած պատմության ընթացքում«խտրականություն» բառը որևէ մեկը չի օգատագործել, բացասական բան էլ չի եղել:
«Հավատացած եմ, որ չի էլ լինի: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց տեղը կգտնեն պետության, իշխանության մարմիններում, ինչը գնահատվում է որպես դրական դրսևորում: Մենք անպայման կմասնակցենք նախագծի բովանդակային քննարկմանը, և «այո» կասենք սահմանադրության փոփոխություններին»,- հայտնեց նա:
Ամո Շարոյանը սխալ է համարում այն, որ ազգային փոքրամասնություններին տեղեր տրամադրելը դիտում են որպես «ական պետության ներսում», ինչպես նշել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում:
«Ես այդ բոլորը թողնում եմ մեր հարգարժան պատգամավորի խղճին: Մարդիկ են հայտնվում, որոնք այդ կետը մեր պետության համար վտանգավոր են դիտարկում: Ես ընդամենը խորհուրդ կտայի, որ իրենք կարծիք արտահայտեն սահմանադրության նախագիծը բովանդակալից ու մասնագիտորեն ուսումնասիրելուց հետո»,- հավելեց նա: