Վերջին օրերին լարվածությունը սահմանին մի փոքր իջել է. Սեյրան Օհանյան
SocietyՎերջին օրերին լարվածությունը սահմանին մի փոքր իջել է, բայց ոչ այն մակարդակին, որ նախորդ տարիներին էր:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները արցախյան բանակի առաջապահ զինվորականներն իրենց առջև դրված խնդիրներին լիարժեք տիրապետում են և իրականացնում դրանք: Մենք կարող ենք անհոգ լինել, որ նրանք ապահովելու են մեր ժողովրդի խաղաղ արարումը զինված ուժերի, պաշտպանության նախարարության ղեկավարության հետ միասին»,- նշեց նախարարը:
Խոսելով պատերազմական գործողությունների հավանականությունից` Սեյրան Օհանյանը շեշտեց, որ պաշտպանության նախարարությունն ամեն օր պատրաստ է պատերազմի: «Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում մենք գալիս ենք այն եզրակացության, որ լայնածավալ մարտական գործողությունների սանձազերծում այս պահին մենք չենք տեսնում»,- շեշտեց նախարարը: Անդրադառնալով բանակի համալրումների խնդիրներին` Օհանյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի ծրագրային բյուջետավորման շրջանակներում կառավարության հետ միասին պաշտպանության նախարարությունը համալրում է իր կատարած աշխատանքը, համալրում ստեղծված պաշարները և պլանավորում իրականացնում ինչպես միջնաժամկետ հատվածում, այնպես էլ կոնկրետ տարվա համար:
«Այս տարվա մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս ասելու, որ մենք 2015թ-ի բյուջեի կատարման համար ոչ մի խնդիր չունենք. պաշտպանության նախարարությանը հատկացված բոլոր միջոցմներն օգտագործվել է տեղին, լիարժեք: 2016թ-ի համար քննարկումներ են ընթանում: Այս փուլի արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ մենք մտավախություն չպետք է ունենանք 2016թ-ին զինված ուժերի զարգացումն ապահովելու առումով»,- ամփոփեց պաշտպանության նախարարը: