Հայաստանից ու արտասահմանից 100-ից ավել ընկերություն գործընկերներ են փնտրում և ճանաչելի դառնում «Արմենիա էքսպո 2015»-ում
SocietyԱրդեն 15-րդ անգամ անցկացվող «Արմենիա էքսպո» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը Հայաստանում է համախմբել 100-ից ավելի ընկերությունների: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի նախագծի ղեկավար Քրիստինե Պողոսյանը, այս տարվա հիմնական առանձնահատկությունն առաջին անգամ մասնակցող ընկերությունների մեծ թիվն է: «Շատ ընկերություններ առաջին անգամ են ներկայանում էքսպոյին` կատարելով իրենց բրենդների շնորհանդեսը մեզ մոտ, և, իհարկե, ողջունելի է արտասահմանյան ընկերությունների հետաքրքրվածությունը ցուցահանդեսով: Մասնակիցների մոտ 70 տոկոսը հայկական կազմակերպություններ են` թե’ արտադրող, թե’ ներմուծող: Արտասահմանյան ընկերություններն էլ ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իրանը, Լիտվան, Լեհաստանը, Գերմանիան»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Քրիստինե Պողոսյանը:
«Apricot» հուշանվերներ արտադրող ընկերությունը մեկն է ցուցահանդեսի այն մասնակիցներից, որն առաջին անգամ է մասնակցում: Ընկերությունը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող 12 անձ, մասնագիտացված է սառնարանի մագնիսների, հայ մեծերի նկարներով կախազարդերի, նարդիների, մեծ նկարների, փայտե քանդակների պատրաստմամբ: «Շուտով արծաթագործությամբ էլ կզբաղվենք, մոտ երկու ամսից ևս 10 հաշմանդամ աշխատանք կունենա այդ ոլորտում: Ընկերությունն արդեն երկու տարի գործում է Վանաձորում: Մինչ այդ էլ մոտ 6 ամիս մարդկանց սովորեցրել ենք այս ամենը պատրաստ ել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը:
Նրա խոսքով` ակնկալում են, որ էքսպոյի միջոցով մարդիկ կճանաչեն իրենց բրենդը: Բացի այդ` իրենք ունեն առաջարկ խոշոր ընկերություններին.կարող են ընկերությունների լոգոների տեսքով սառնարանի մագնիսներ պատրաստել, որը գովազդի արդյունավետ տարբերակներից է:
Իրանական «Almas Kavir Jonoob» ընկերությունը «Արմենիա էքսպո 2015»-ին մասնակցում է պիստակի ներկրմամբ հետաքրքրվող կազմակերպություններ գտնելու և հայկական շուկայում հայտնվելու համար: Հայկական շուկան էլ նրանց համար գրավիչ է: «Հայաստանը մեզ հարևան է, ավելի հարազատ երկիր է, ուզում ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ, քան այլ երկրների հետ»,-նշեց ընկերության ներկայացուցիչը:
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 2010 թվականին հիմնադրված «Թության» ընկերությունն էլ ցուցահանդեսին ներկայացել է սառը մամլման եղանակով չզտված ձիթայուղերի արտադրանքով: Ընկերության ֆերմերների խմբի անդամ Սամվել Հունանյանի տեղեկացմամբ` կտավատի, ծիրանի, դեղձի, խաղողի կորիզներից, մեխակից, քունջութից, հլածուկից, արևածաղկից ստացվող ձիթայուղերը, լինելով բնական ու օգտակար հատկություններով օժտված, օգտագործվում են կենցաղում որոշ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ժողովրդական բժշկության մեջ` բուժման նպատակով:
Սամվել Հունանյանի խոսքով` փորձում են դուրս գալ Ռուսաստանի, Ֆրասնիայի, Գերմանիայի շուկաներ, ներկայում ընթանում են բանակցություններ: «Նրանց հիմնականում ծիրանի կորիզի յուղն է հետաքրքրում: Էքսպոյի ժամանակ մեզ մոտեցել են Ռուսաստանից, Ղազախստանից գործարարներ, ովքեր հետաքրքրվեցին մեր արտադրանքով, կոնտակտներով ու ապրանքներով փոխանակվեցինք»,-ասաց Սամվել Հունանյանը: