ՀՀ Նախագահը հանձնարարական է տվել կառավարությանը մթերել մինչև վերջին կիլիոգրամ խաղողը
EconomicsԽաղող մթերող ու վերամշակող բոլոր ընկերությունները սեպտեմբերի 21-22-ին կսկսեն մթերման գործընթացը: Ինչպես Կոտայքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ նախագահը սեպտեմբերի 18-ին խիստ հանձնարարական է տվել կառավարությանը, որ գյուղացիների աճեցրած բերքն ամբողջովին ու ժամանակին մթերվի վերամշակող ընկերությունների կողմից:«Նախագահն ասել է, որ մինչև վերջին կիլոգրամ աճեցրած բերքը պետք է մթերվի: Հիմա մենք կազմակերպչական լուրջ աշխատանքներ ենք իրականացնում: Սեպտեմբերի 21-22-ին խաղող մթերող բոլոր կազմակերպությունները կսկսեն մթերման աշխատանքները, այսօր արդեն Արարատի կոնյակի և գինու կոմբինատը հայտարարել է, որ խաղողի մթերման առումով սահմանափակումներ չեն լինելու, մթերելու են անցած տարվա ամբողջ ծավալով: Իրենք ամենախոշոր մթերողն են հանրապետությունում: Մինչև վերջին կիլոգրամն էլ մթերվելու է ու վճարելու»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Սերգո Կարապետյանը` կոչ անելով գյուղացիներին հանգիստ լինել: «Մենք աշխատելու ենք ամենօրյա ռեժիմով, որ վերջին կիլոգրամն էլ դաշտում չմնա»,-ավելացրեց նախարարը:
Նա նշեց, որ մթերման աշխատանքները մինչև սեպտեմբերի 18-ը շատ սահուն ընթացել են թե պտուղ-բանջարեղենի, թե խաղողի մթերման առումով: «Սակայն երեկ որոշակի խնդիրներ առաջացան, որը գալիս է նրանից, որ Երևանի կոնյակի գործարանը սեպտեմբերի 7-8-ին Արարատում և Արմավիրում սկսեց մթերման աշխատանքները, իսկ մյուս մթերողներն ուշացրին այդ գործընթացը: Ժողովրդի մեջ որոշակի անհանգստություն առաջացավ, դրա համար էլ երեկ խնդիրներ առաջացան»,-ասաց Սերգո Կարապետյանը: