Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են Տավուշի մարզի առողջապահական ոլորտի հիմնախնդիրները
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են մարզի առողջապահական ոլորտում բժշկական ծառայությունների, այդ թվում` շտապբուժօգնության կազմակրերպմանն առնչվող հարցեր:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, աշխատանքային խորհդակցության ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել մարզի բժշկական հաստատությունների կադրային և նյութատեխնիկական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներով ապահովվածությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է թարմացնել նախարարության կողմից 2014թ. մշակված քարտեզները, որոնցում մանրամասն ամրագրված են բոլոր մարզերի և Երևանի առողջապահական համակարգի այդ տվյալները, ինչպես նաև առողջապահական կարևոր ցուցանիշներն ու կարիքները։
«Կարևոր է, որ մեր մարզերի առողջապահության կազմակերպիչները հստակ իմանան, թե արտակարգ իրավիճակներում ինչ քայլեր են արվելու»,-ասել է նախարարը` շեշտադրելով հատկապես արյան և դեղորայքի պաշարների, լրացուցիչ մահճակալների ծավալման, շտապբուժօգնության հասանելիության, ինչպես նաև մասնագետներով ապահովումը։
Արմեն Մուրադյանը մարզի բժշկական կենտրոնների ղեկավարներին հորդորել է առավել շատ օգտվել կենտրոններում գործող հեռաբժշկության հնարավորություններից, ինչը էականորեն կնպաստի բժշկական օգնության որակի բարելավմանը, ինչպես նաև հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի կրճատմանը։ Միաժամանակ որոշում է կայացվել առաջիկայում հանդիպում կազմակերպել Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում սովորող տավուշցիների հետ։