Հայաստանում սիրիահայերի խնդիրը բնակարանավարձն է
SocietyՀայաստանում սիրիահայերի մեծագույն խնդիրը բնակարանավարձն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 19-ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, ով հավելեց նաև, որ այս խնդրի լուծման համար ՀԲԸՄ-ն շարունակում է ռեսուրսներ հավաքել իր գաղութային մասնաճյուղերում:
«ՀԲԸՄ կողմից հիմնված սիրիահայության օգնության համար նախատեսված հիմնադրամը անցնող ժամանակահատվածում հանգանակությունների և դրամահավաքների միջոցով կարողացել է հավաքել շուրջ 2,300 հազար ԱՄՆ դոլար: Միության օգնության ծրագրերի ծանրակշիռ մասը կենտրոնացվել է մեծամասամբ հենց Սիրիայի հայաշատ քաղաքներում՝ մարդասիրական շտապ օգնության տեսքով, ինչպես նաև սիրիայում գտնվող դպրոցների և այլ հայկական կառույցների պահպանման համար», - նշեց Հովիկ Եորդեկյանը:
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հավելեց, որ Հայաստանում, սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր հիմնադրամն օգնություն է տրամադրում Սիրիայից գաղթած հայերին: