Ում համար օրը տոն է, ում համար էլ՝ հերթական օրացուցային օր
AnalysisԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արդեն 24-րդ անգամ Հայաստանը նշում է իր անկախության օրը, օր, որի համար հայը պայքարել է դարեր շարունակ: Քանի սերունդ է երանի տվել, որ իր աչքով տեսնի անկախ Հայաստանն ու նոր հանգիստ հրաժեշտ տա աշխարհիկ կյանքին, բայց չի հաջողել: Ու արդեն մոտ քառորդ դար է, ինչ ավագ ու միջին սերնդի ներկայացուցիչները վայելում են անկախ Հայաստան ունենալու բերկրանքը, իսկ երիտասարդները, համեմատության եզրեր չունենալով, չեն էլ հասկանում, թե իրականում ինչ է անկախությունը: Նրանց համար այս օրվա կարևորությունն սկսվում ու ավարտվում է դպրոցական դասագրքերից սերտած մեկ-երկու նախադասությամբ և ոչինչ ավելին:
Իրականում, խորհրդային տարիների միահեծան կառավարման համակարգի գերությունից ազատագրված երկրներում պետք է, որ անասելի մեծ լիներ յուրաքանչյուրի երջանկությունը, ում բախտ է վիճակվել ապրել անկախացած երկրում: Բայց, արի ու տես, որ հասարակության մեջ նման ոգևորություն առանձնապես չկա: Տոնական այս օրը մայրաքաղաքն ապրում է իր սովորական առօրյայով, իսկ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներն էլ ընդամենն ուրախացել են, որ պահածո պատրաստելու այս թեժ օրերին մի քանի բանկա ավելի կկարողանան պահածոյացնել՝ մեկ օր ավելի տանը մնալով: Տպավորությունն այնպիսին է, որ այսօր էլ, սովորականի նման, սկսվել է օրացույցի հերթական օրն ու աշխատանքային շաբաթը: Մարդիկ էլ նույն տրամադրությամբ իրենց գործին են անցել ու ոչ մի տարբերություն չկա երեկ չէ առաջին օրվա ու այսօրվա միջև՝ նույն հոգսը, նույն գործը, նույն արևը, նույն ճաշը…
Իշխանական շրջանակներում, սակայն, մի փոքր այլ է: Այստեղ պաշտոնական արարողություններ են, այցելություններ, շնորհավորանքներ, հերթապահ ժպիտներ, ձեռքսեղմումներ, այս ամենին էլ մի քիչ տոնական շուք տալու համար՝ մի քանի փուչիկ ու դրոշակ, երեկոյան՝ ճոխ համերգ ու հրավառություն՝ հոգնած չինովնիկներին մի քիչ թարմացնելու և տոնական օրը ավարտելու համար: Տոնական օրվան, անշուշտ, կհաջորդեն վեցանիշ թվերով հաշվետվություններն ու այդ թվերի վերլուծությունները մամուլում և վերջ: Ու կհամարենք, որ տոնացույցի այս օրը՝ Անկախության 24-րդ տարեդարձը, այս անգամ էլ որպես «տոն» պատվով նշեցինք ու առաջ գնացինք: Չինովնիկների համար կարևորն այն է, որ այս տողի առջև էլ մի «ծիտիկ» դրվի ու պատշաճ զեկուցվի, մնացածն էլ՝ անցած լինի…
Ամենահետաքրիրը, սակայն, Անկախության օրվա առիթով հնչած շնորհավորանքի արձագանքն էր, երբ «տոնդ շնորհավոր» անկեղծ արտահայտությանը հաջորդում էր «ինչու՞, այսօր ի՞նչ օր է, որ…» հոգսաշատ զարմանքը: Այստեղից հետևություն, որ իրականում անկախության զգացումը ոչ միայն դեռ չի դարձել մեր հոգու ու մտքի անբաժան մի մասնիկը, այլև արդեն 24 տարի է, որ այն աստիճանի չի արժևորվել, որ, անկախ ամեն ինչից, մարդկանց հոգիներում ոգևորության ու բերկրանքի փոխարեն ամեն անգամ անցյալը հիշեցնող մի նոր նոստալգիա առաջացնող էպիզոդ է արթնանում ու երկար չի «քնում»: Ու շատ է հնչում արտահայտությունը, թե եթե անկախությունը սա էր, ապա մեր ինչի՞ն էր պետք, լավ չէ՞ր սովետը, ոչ այսքան հանցագործ կար, ոչ էլ այսքան անպատժելիություն ու անարդարություն:
Սա այն է, ինչ կա, ու թե քանի փուչիկ ավել կփչվի Անկախության տոնի առթիվ կամ քանի հարյուր հազար դրամանոց համույթ կհրավիրվի, բոլորովին էլ էական չէ: Էականն այն է, որ կան բաներ, որ ինչքան էլ հարուստ լինես, չես կարող գումարով գնել, տանել դնել ցուցափեղկում ու ասել՝ ունեմ, օրինակ՝ հույսն ու հավատը վաղվա օրվա հանդեպ, ու քանի դեռ դա չկա, մնացած ամեն ինչ մի տեսակ անիմաստ է թվում ու շատ արագ իմաստազրկվում: Իսկ մեր պապերը նման Հայաստանի մասին չէին երազում:
Արմինե Գրիգորյան