Նոր Նորքի հարկայինի աշխատակիցներին պաշտոնական կեղծիքի մեղադրանքներ են առաջադրվել
SocietyԵրևանի բնակիչներ Սմբատ Խաչիկյանին ու Գագիկ Մարգարյանին, ինչպես նաև Աբովյանի բնակիչ Հաբեթ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մասի և 314-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության աշխատակից Սմբատ Խաչիկյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին անհատ ձեռներեց Տաթևիկ Հարությունյանին պատկանող Երևան քաղաքի Սաֆարյան 77 հասցեում գործող դեղատանը իրականացրած ՀԴՄ շահագործման կանոնների կիրառման ճշտության ստուգման ընթացքում նույն հարկային տեսչության տեսուչներ Հաբեթ Վարդանյանի և Գագիկ Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ, սեփական աշխատանքում առկա թերություններն ու բացթողումները թաքցնելու, տուգանքի առաջադրման շինծու հիմքեր ստեղծելու շահագրգռվածությունից ելնելով, կատարել են պաշտոնական կեղծիք:
Մեղադրյալները, առանց փաստացի հսկիչ գնում կատարելու միասնական դիտավորությամբ, կազմել և հարկային գործին կցելով` Տաթևիկ Հարությունյանին են հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտի երկու օրինակից բաղկացած կեղծ նախագիծը, իսկ հետագայում ստուգման կեղծ ակտը՝ դարձյալ երկու օրինակից ՝ իբր Տաթևիկ Հարությունյանից հսկիչ գնում կատարելու և այդ ընթացքում վերջինիս կողմից իրացված ապրանքի համար ՀԴՄ կտրոն չտրամադրելու իրավախախտման համար 300 հազար ՀՀ դրամի տուգանք առաջադրելու մասին: Բացի այդ` նրանք, անցնելով իրենց պաշտոնեական լիազերությունները, առանց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հատուկ պայմանի՝ էական վնաս են պատճառել Տաթևիկ Հարությունյանի իրավունքներին:
Վերը նշված քրեական հոդվածներով՝ մեղադրյալներին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, առավելագույնը հինգ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, կամ ուղղիչ աշխատանքներ՝ մեկից երկու տարի ժամկետով, երկուսից երեք ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը երկուսից չորս տարի ժամկետով ազատազրկում:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Սմբատ Խաչիկյանի, Գագիկ Մարգարյանի, ինչպես նաև Հաբեթ Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: