Հունաստանի խորհրդարանը պատմաքաղաքական կարեւոր բանաձև է ընդունել. Հայ դատի հանձնախումբ
Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը ճիշտ եւ արդար քայլ է որակում: «Օրինագծի քննարկմանը նախորդող ժամանակահատվածում կայացած լսումներին եւ քննարկումներին մասնակցել է ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը' պահանջելով Հայոց Ցեղասպանության ուրացման պարագայում քրեական հանցագործության դրույթի կիրարկումն ու ներկայացնելով հ այության դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը կրկնապատկեց իր ճիգերը, հանդիպումներ ունենալով խորհրդարանականների հետ, ինչպես նաեւ համագործակցելով պոնտական եւ Փոքր Ասիական երկրների կազմակերպությունների հետ' շեշտելով, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումը ճիշտ եւ արդար քայլ է Հունաստանի խորհրդարանի ու պետության կողմից:
Սա պատմաքաղաքական կարեւոր բանաձեւ է, որ հուսով ենք ազդակ կհանդիսանա նաեւ եվրոպական այլ պետությունների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' օրինագծի ընդունումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը:
Հունաստանի խորհրդարանում սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը: Այն պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: