Հայաստանը շուտով կհրապարակի ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները
EconomicsԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ վիճակագրությունն արդեն պատրաստ է. կառավարությունը շուտով կհրապարակի այն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: «Ներկայում մենք վերլուծություններ ենք կատարո ւմ, որպեսզի պարզենք, թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք մոտ ժամանակներս այդ վերլուծությունը կհրապարակենք»,- նշեց Կարայանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շրջանակներում իրականացող քայլերին՝ Կարայանը տեղեկացրեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները: «Իրանի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները շուտով կսկսվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքո: Կարծում եմ այդ հարցում որոշակի հստակություններ կլինեն առաջիկա մեկ տարվա ընթացքում»,- նշեց Կարայանը:
Փոխնախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե որքա՞ն կտևեն բանակցությունները: Նա ընդգծեց, որ դա հստակ կլինի միայն բանակցությունների սկսվելուց հետո, երբ պարզ կլինի, թե դրանք ինչ ընթացք են ստանում: