Հայկական թեթև արդյունաբերությունը ներկայացվել է «TextilLegProm 2015» միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին
EconomicsՀայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 5 արտադրողներ սեպտեմբերի 22-25-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «TextilLegProm 2015» 45-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին` աշխարհի 42 երկրների ավելի քան 2500 ընկերությունների հետ միասին: Ինչպես ՔԱրմենպրեսին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հայկական ընկերությունները ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների գունեղ ու նորաձև հավաքածուներ:
«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում: Այս ցուցահանդեսը հարթակ է մասնակից արտադրողների և մեծածախ գնորդների միջև պայմանավորվածությունների ձեռքբերման, պայմանագրերի կնքման, նոր գործընկերային հարաբերություննեի ստեղծման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման համար: Առկա է նաև մանրածախ առևտուր իրականացնելու հնարավորություն, որից հայ աստանյան արտադրողները կարող են հաջողությամբ օգտվել, նոր գործարար կապեր ստեղծել և շահավետ պայմանագրեր կնքել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Այս տարի ակնկալվում է ավելի քան 30 000 այցելու, որոնց շարքում մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առևտրային դիստրիբյուտորներ, տարբեր առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ ու ներմուծողներ են: Ցուցահանդեսն ունի նաև հագեցած գործարար ծրագիր` համաժողով, կլոր սեղաններ, շնորհանդեսներ ու մրցույթներ: