Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են ԴԱՀԿ մի խումբ աշխատակիցներ
SocietyՀարկադիր կատարման ծառայությունում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կծառայեն պետությանն ու ժողովրդին:
«Դուք ևս այսօրվանից ներգրավվում եք կարևորագույն մի գործում, ինչը պահանջում է մասնագիտական պատրաստվածություն և պատասխանատվության բարձր զգացում: Հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է, և այն պարտավոր եք իրականացնել հստակ, oրենքի սահմաններում: Մյուս կողմից էլ պետք է հասկանաք, որ գործ ունեք մարդու հետ, ով օրենքը և իրականությունը շատ հաճախ ընկալում է սուբյեկտիվ տեսանկյունից: Դա պարտադրում է քաղաքացուն ցուցաբերել անհատական մոտեցում, տանել բացատրական աշխատանքներ: Խորհրդանշական եմ համարում, որ ձեր երդման արարողությունը տեղի է ունենում հենց այս օրերին, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, որը մեր ժողովրդի փառապանծ ձեռքբերումներից է: Վստահ եմ, որ մեր շարքերը համալրում են պատվախնդիր սպաներ: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն»,- ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության hռչակման 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների: