«Global Innovation Index-2015». Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել նորարարական ոլորտի զարգացման գործում
SocietyՔորնելի համալսարանը, Բիզնես ադմինիստրացիայի եվրոպական ինստիտուտը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել են համատեղ կազմած «Global Innovation Index- 2015» ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը վերաբերում է տնտեսությունում նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմանը:
Վարկանիշային աղյուսակում 141 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը:
Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ Հայաստանը, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Հորդանանը, Մոլդովայի Հանրապետությունը հասկացել են, որ արդյունաբերության և լավ պրակտիկայի կամ նորարարական քաղաքականության միջև պետք է կապ հաստատել: Նրանք և մի շարք այլ պետություններ նաև հասկացել են, որ տեխնոլոգիայի ընդունումը միայն բավարար չէ բարձր տնտեսական աճ պահպանելու համար, սակայն նորարարության մեջ ներդրումները վճռորոշ են հետագա խթանումն ապահովելու համար: Արդյունքում, ազգային նորարարական քաղաքականության ծրագրերն ու համապատասխան ինստիտուցիոնալ պայմանները ծաղկել են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Հայաստանը միջին-ցածր եկամուտով երկրների խմբում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ Մոլդովայից և Վիետնամից հետո, ինչպես նաև ներառվել է «հաջողակ նորարարական» 11 զարգացող երկրների շարքում (Չինաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Վիետնամի և այլ երկրների հետ միասին):
Զեկույցի համաձայն, Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել նորարարական ոլորտի զարգացման գործում, որը դարձել է Հայաստանի իշխանություննների ռազմավարական առաջնահերթություններից մեկը: