Ազատամարտիկները հայտարարություն տարածեցին՝ կապված հետագա անելիքների հետ
SocietyՍուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիմաց հավաքված ազատամարտիկներն ու մի շարք քաղաքացիներ արդեն Աբովյան փողոցում են, վերջիններս հանդես եկան իրենց մարտական ընկերոջը ծեծի ենթարկելու հետ կապված դատապարտող հայտարարությամբ. «Քիչ առաջ մեզ հետ կապվեց քաղաքի վարչության պետ Կարապետյանը, ով տեղեկացրեց, որ Տիգրան կոչեցյալն արդեն իրենց մոտ է: Մեզ հայտնեցին, որ իրավապահ մարմիններին երկու-երեք ժամ է հարկավոր, որպեսզի գտնեն ու ձերբակալեն մյուս հանցագործներին: Բնականաբար, մենք մեր ընկերների միջոցով ու մեր հնարավորության սահմաններում եւս փնտրում ենք մեր մարտական ընկերոջը ծեծի ենթարկած հանցագործներին: Եթե մեզ հաջողվի նրանց առաջինը հայտնաբերել, ապա մենք կվնասազերծենք նրանց, իսկ եթե դա արվի համապատասխան մարմինների կողմից, նույնպես մեր շահերից է բխում: Պետք է նշեմ, որ մեզ են մոտենում մեր ընկերները շրջաններից, իսկ հետագա գործողությունների վերաբերյալ մենք տեղեկություն կտրամադրենք: Մենք ավելորդ լարվածություն չենք ստեղծում, որ չխանգարենք իրավապահ մարմիններին կատարել իրենց աշխատանքը: Իհարկե, այնպես չէ, որ իրենց հանդեպ վստահության մեծ պաշար ունենք, բայց նաեւ չենք խոչընդոտում իրենց աշխատանքին: Մենք մոտավոր կասկածներ ունենք հանցագործների ինքնության հետ կապված: Այստեղ ականատեսներ են եղել եւ մենք մարդիկ ենք ուղարկել համապատասխան հասցեներով ճշտումներ կատարելու համար: Երեք ժամվա ընթացքում պարզ կլինեն մեր անելիքները, եթե ամեն ինչ գնա այնպես, որ հասկանանք, որ իրավապահները գործի ընթացքը տանում են փակուղի, ապա մենք ազատ ենք մեր գործողություններում: Ազատամարտիկները, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ հիմա, ինքնուրույն որոշումներ չեն կայացնում, ամեն հարց քննարկվում է եւ նոր կյանքի կոչվում»:
Սոսե Չանդոյան