«Երկրները մեկ հարկի տակ» համաժողովին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային ծրագրերը
Economics«Երկրները մեկ հարկի տակ» համաժողովի շրջանակներում Հայաստանում հավատարմագրված դեսպանների, նախարարությունների ներկայացուցիչների և գործարարների մասնակցությամբ կայացան Հայաստանի ներդրումային ծրագրերի վերաբերյալ ներկայացումներ:
Միջոցառումն անցկացվեց ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում, տեղի ունեցավ նաև գործարարներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին մրցանակների և հավաստագրերի հանձնման արարողություն:
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի խոսքով` սեպտեմբերի 20-22-ը կայացած «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսը 6 տարվա ընթացքում բերել է շոշափելի արդյունքներ:
«Այն նպաստել է մի շարք ընկերությունների շուկաների ընդլայնմանն ու արտահանումների իրականացմանը: Ռուսաստանի Դաշնություն են արտահանվել 70-ից ավել ընկերություններ: Արտերկրում փորձի փոխանակման հնարավորություն են ստացել տասնյակ բժիշկներ և ուսանողներ: Իրականացվել են ներդրումներ բիոլոգիական տեխնոլոգիաների, մսամթերքի ոլորտներում»,-նշեց Մարիամ Մանուկյանը` հավելելով, որ կառավարության հետ են համագործակցել մի շարք օրենքներ մշակելու ուղղությամբ:
Միջոցառման ժամանակ զեկույց ներկայացվեց Հայաստանում վերականգնվող էնեգետիկայի հեռանկարների, առողջապահության ոլորտում կատարվող ծրագրերի, Լեռնային Ղարաբաղում կայուն տուրիզմի զարգացման մասին:
Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներից էլ ոմանք ներկայացրեցին Հայաստանի հետ տնտեսական կապերի արդի վիճակն ու դրանց հետագա խորացման հնարավորությունները: