Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարը տպավորված է Մատենադարանով
CultureԳերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը տպավորված է հայկական գրերով ու Մատենադարանով: Նախարարն այս մասին նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական թանգարան-ինստիտուտ կատարած այցից հետո:
«Ես իհարկե գիտեի, որ հայկական մշակույթը գրերի ու գրքերի մշակույթ է, բայց այն, ինչ տեսա այստեղ, գերազանցեց իմ սպասումները: Հատկապես տպավորիչ է այն փաստը, որ հայկական գրերն այդքան վաղ պատմություն ունեն, ամենահին դարաշրջաններից մեզ հասել են հայկական ձեռագրեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շտեֆան Դորգերլոհը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարը խոստովանեց, որ չորրորդ անգամ է այցելում Հայաստան, և զարմանալի է համարում այն փաստը, որ առաջին անգամ է լինում Մատենադարանում: «Այս անգամ որոշել էի, որ անպայման պետք է այցելեմ այստեղ, որովհետև սա Հայաստանի ամենակարևոր հաստատություններից մեկն է, Հայաստանի ոգին է: 2005 թվականին եմ այստեղ առաջին անգամ եղել, այն ժամանակ այստեղ գրքերի վերականգնման հետ կապված փոքրիկ ծրագիր ենք իրականացրել: Շատ ուրախ եմ, որ հաջողվեց լինել Մատենադարանում»,- նշեց նա:
Նախարարն իր պատվիրակության հետ շրջեց հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տարածքով, ծանոթացավ ներկայացվող ցուցանմուշներին, գերմաներենով ունկնդրեց Մատենադարանի ստեղծման պատմությունը:
Սեպտեմբերի 22-27-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում, սեպտեմբերի 23-ին կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պատկերներ մի երկրից. Արևելագերմանական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» խորագրով ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Դրեզդենի «Վոկալ մոդեռն» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (գեղարվեստական ղեկավար Քրիստֆրիդ Բրյոդել, ալտ՝ Աննետտե Մարկերտ, հոբոյ՝ Քրիստոֆ Գերբեթ): Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Թոմաս Բուխհոլցի ստեղծագործությունները:
Նախարարն իր այցի շրջանակում սեպտեմբերի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Հանդիպումներ կանցկացվեն կրթական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: