Արարատի մարզում արտադրվել է շուրջ 119 հազար տոննա խաղող
EconomicsԱրարատի մարզում 2015 թվականին արտադրվել է շուրջ 119 հազար տոննա խաղող, որից սեպտեմբերի 23-ի տվյալներով` մթերվել է 23 հազար 802 տոննան: Կապված խաղողի որակից եւ տեսակից` մթերման գինը տատանվում է 130-150 դրամի սահմաններում:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսո ւթյան եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ առաջինը մթերումը սկսել է իրականացնել Պռոշյանի կոնյակի գործարանը` սեպտեմբերի 8-ից: Սեպտեմբերի 22-ից մթերող գործարանների թիվն ավելացել է եւս երկուսով` Տափերական եւ Դալար համայնքների վերամշակող գործարանները: Այս պահին մարզում մթերումն իրականացնում է 12 մթերող կազմակերպություն:
Երեւանի կոնյակի գինու օղու կոմբինատի Մասիսի մասնաճյուղն, ինչպես նաեւ Ավշարի գինու գործարանը մթերված բերքի դիմաց գումարը վճարում են մեկ օրվա ընթացքում: Լայնածավալ մթերում է սկսել Արարատ գյուղի գինու գործարանը. մեկ օրվա ընթացքում մթերում է շուրջ 700 տոննա:
Տերտերյանի խոսքով` այս տարի ընդհանրապես դռները չբացեցին Այգեզարդի, Շահումյանի, Նորաշենի եւ այլ գործարանները: «Ճիշտ է, նրանց մթերման ծավալները փոքր են, բայց գործելու դեպքում զգալիորեն կթեթեւացնեին գյուղացու հոգսը»,-ասաց նա` ավելացնելով, որ մթերման սեզոնը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ գյուղացու այգիներում այլեւս չմնա ոչ մի ողկույզ խաղող:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խաղողագործներն ասացին, որ բերքի մի մասը, ինչքանով որ կկարողանան, կհանձնեն գործարաններին, իսկ մնացած չափաքանակից, որը գործարանը չի ընդունի, ստիպված տնային պայմաններում կպատրաստեն գինի, օղի եւ կիրացնեն ներքին շուկայում: «Այն չափաքանակը, որը գործարանում չենք կարողանա մթերել, կտանենք լեռնային գոտիներ, կփոխանակենք կարտոֆիլի, կաղամբի, ստեպղինի, հատիկեղենի եւ ընդեղեի հետ: Այդ ձեւով ենք որոշել լուծել ձմեռվա ապրուստի խնդիրը»,-ասաց այգեգործներից մեկը:
Լիլիթ Մաճկալյան