Տնտեսագետ. Տնտեսությունը զարգացնելու նոր հեռանկարներ են ուրվագծվում
EconomicsԻրանի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցների վերացման վերաբերյալ հայտարարությունները կրկին ակտիվացրել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման վերաբերյալ խոսակցությունները: Թեմային ակտիվացմանը նպաստեցին Հայաստանի տարբեր պաշտոնյաների Չինաստան կատարած այցերը: Վերջինը այցը վարչապետ Աբրահամյանինն է, որի շրջանակներում կրկին շոշափվել է թեման, իսկ չինական կողմն ըստ առկա տեղեկությունների ուսումնասիրություններ է իրականացնում նախագծի վերաբերյալ:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ Չինաստանը Հայաստանի Հանրապետության կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից է:
«Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար: Ներմուծման տեսանկյունից Չինաստանը Հայաստանի, ՌԴ-ից հետո, 2-րդ գործընկերն է, որին բաժին է ընկնում մեր ներմուծման մոտ 9 տոկոսը: Այսօր Չինաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է և թերևս դրանով կարելի է պայմանավորել այն հավակնոտ ծրագրերը, որոնք նախաձեռնում է Չինաստանը՝ ձգտելով էլ ավելի ամրապնդել սեփական դիրքերը համաշխարհային տնտեսությունում առհասարակ և ասիական տարածաշրջանում՝ մասնավորապես»,- նշեց նա:
Վերջինիս խոսքերով, այդպիսի հավակնոտ նախաձեռնություններից է «Մետաքսի ճանապարհը», որը նախատեսում է միավորել Հեռավոր Արևելքը, Միջին Արևելքն ու Եվրոպան՝ ստեղծելով յուրօրինակ տնտեսական գոտի:
«Այդ նպատակով չինացիները ստեղծել են Ենթակառուցվածքային հիմնադրամ շուրջ 40 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով: Նախատեսվում է ֆինանսական միջոցները հատկացնել երկաթուղիների, ավտոճանապարհների կառուցմանն ու էներգետիկ, արդյունաբերական խոշորամասշտաբ ծրագրերի իրականացմանը: «Մետաքսի ճանապարհը» իրականում լուրջ խթան կհանդիսանա դրա մասը կազմող երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, միջազգային առևտրի զարգացման համար, ինչը լրացուցիչ դրական ազդակներ կհաղորդի տնտեսությունների զարգացմանը»,- ընգծեց Կ. Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքերով, Հայաստանի և Չինաստանի Վարչապետերի հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունները հիմնականում ելում են այս մայրցամաքային տնտեսական ծրագրի տրամաբանությունից:
«Մասնավորապես համաձայն պաշտոնական հաղորդագրության Չինաստանը պատրաստ է օժանդակել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը: Նույնը կարելի է ասել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման մասին: Այս ենթակառուցվածքների զարգացումը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն կունենա:
Նախ պետք է ի նկատի ունենալ, որ կարճաժամկետ հատվածում դա ենթադրում է ներդրումների հոսք դեպի Հայաստան (Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը չինացի մասնագետների գնահատականներով կարժենա մոտ 3,2 մլրդ դոլար), ինչը կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր, կնպաստի տնտեսության աշխուժացմանը: Սակայն կարծում եմ՝ առավել կարևոր է երկարաժամկետ օգուտը, որ կստացվի «Մետաքսի ճանապարհը» կյանքի կոչելուց: Այն է՝ Հայաստանի կդառնա միջազգային առևտրի տարանցիկ գոտի»,- համոզմունք հայտնեց Կ. Խաչատրյանը:
Նրա հավելմամբ, Չինաստանում ձեռքբերված պայմանավորվածությունները խիստ կարևոր են, կենսական, ՀՀ տնտեսության համար:
«Հատկապես Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասով, քանի որ, գաղտնիք չէ, որ գոյություն ունի նաև այլընտրանքային տարբերակ, համաձայն որի Մետաքսի ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը: Սակայն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման պայմանավորվածությամբ այդ տարբերակը փաստորեն դառնում է անհավանական և ապահովվում է Հայաստանի ներգրավվածությունը նշված ծրագրին»,- ասաց Կ. Խաչատրյանը: