Բրյուսելում առաջին անգամ բացվել է Փարաջանովի գործերի ցուցադրություն
CultureՀայ անվանի կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի գործերն առաջին անգամ ներկայացվել են Բրյուսելում բացված ցուցադրության ժամանակ: Ինչպես Բրյուսելից ներկայացնում է «Արմենպրեսս»-ի թղթակիցը, ցուցադրությունը կազմակերպել է Պողոսյան հիմնադրամը:
Փարաջանովի գործերը ներկայացվել են մեկ այլ հայ արտիստի` Սարգսի (Սարգիս Զաբունյան) գործերի հետ, ով ոգեշնչվել է հայ մեծանուն կինոռեժիսորի աշխատանքներով: «Երբ ես Փարիզում տեսա նրա ֆիլմը` «Սայաթ-Նովան», ես շանթահար եղա: Կարծում եմ, որ ֆիլմը դիտել եմ 40, 50, 60 անգամ: Ինչ-որ բան կապում է իմ և նրա աշխարհը»,- նշել է Սարգիսը: Նա շեշտել է, որ ցուցադրության միջոցով փորձել է ցույց տալ երկխոսություն, զրույց իր և Փարաջանովի միջև:
Ե'վ Փարաջանովը, և' Սարգիսն իրենց գործերում որպես ներշնչանքի աղբյուր են դիտարկում Հայաստանը:
Պողոսյան հիմնադրամը նպատակ ունի այս ցուցադրությունը վերածել երկխոսության երկու հայերի` արվեստի հսկաների միջև: «Երկու արտիստներն էլ ընդհանուր շատ բան ունեն: Սարգիսը Փարաջանովի ֆիլմերի մեծ սիրահար է»,- ընդգծել է հիմնադրամի ներկայացուցիչ Էրիկ Բուլոթը:
Ցուցադրություն բաց կլինի մինչև 2016 թվականի հունվարը: