Կառավարությունը հաստատեց գիտաշխատողներին երկարացված արձակուրդ նախատեսող որոշման նախագիծը
SocietyՀՀ կառավարությունը հավանություն տվեց հանրապետության գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք տալու որոշման նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսս»-ը՝ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիտական աշխատանքն ինքնին համարվում է մտավոր և հուզական գերլարվածության բնույթի աշխատանք: Ուստի նպատակահարմար է, որ այդպիսի աշխատանքով զբաղվող անձինք կարողանան լիարժեք վերականգնել իրենց ուժերն ու կարողությունները, ինչի հնարավորությունն ավելի քիչ է ամենամյա նվազագույն արձակուրդի պայմաններում: «Գիտաշխատողների ամենամյա երկարացված արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կսահմանվի 35, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 42 աշխատանքային օր»,- ասաց նախ արարը:
Ըստ նախարարի` այդ են վկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետության գիտական կազմակերպությունների գիտաշխատողների բազմաթիվ գրավոր ու բանավոր դիմումները:
Ներկայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածից բխող ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշմամբ սահմանված ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ընդգրկված են բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդողները, որոնք գիտելիք են փոխանցում երիտասարդ սերնդին, իսկ գիտական կազմակերպություններում աշխատող գիտելիք ստեղծող, գիտությունը զարգացնող գիտաշխատողները զրկված են այդ իրավունքից: Ներկայում գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիիտական աշխատողներին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր տևողությամբ: