Հայաստանում սեպտեմբերի 26-27-ին կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր
CultureՀայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին` «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություններն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
Եվրոպայի Խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991թ-ին: 1999թ. սկսած` միջոցառումների շարքն իրականացվում է Եվրոպայի Խորհուրդ-Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով: Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած 50 Եվրոպական երկրներում:
Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրի հայկական գաղթoջախներում վեր են խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշակոթողներ, հուշաղբյուրներ, ստեղծվել են թեմատիկ թանգարաններ, գիտահետազոտական, կրթական հաստատություններ, որոնք հայ ժողովրդի պատմական հիշողության, սեփական պատմության նկատմամբ հարգանքի և մոռացության դեմ պայքարի վառ դրսևորում են, հավաստումը՝ նրա ապրելու, արարելու կամքի: