Հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված բերդավանցիների առողջական վիճակը բավարար է
SocietyՏավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի` հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված բնակիչների առողջական վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը: «Նրանցից մեկը հենց սեպտեմբերի 24-ին բուժօգնություն է ստացել Նո յեմբերյանի բժշկական կենտրոնում ու տուն գնացել, իսկ մյուսը դեռ բժշկական կենտրոնում է, նա ականաբեկորային վիրավորումը ստացել է ոտքի հատվածում, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Գաբրիելյանը:
Նա նաև հայտնեց, որ իրավիճակը սահմանին այս պահին հանդարտ է, հակառակորդի կողմից կրակոցներ չկան: Հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել նաև գիշերվա ընթացքում:
Գաբրիելյանի խոսքով` Բերդավանի գյուղապետարանում ձևավորվել է հանձնաժողով, որն այս պահին հաշվարկում է հակառակորդի գնդակոծության հետևանքով համայնքի բնակիչների կրած վնասները: Նա հավելեց, որ Կառավարությունը ողջ վնասը փոխհատուցելու է:
«Կառավարությունը միշտ նման դեպքերից հետո փոխհատուցել է վնասները: Այսօր նաև Տավուշի մարզպետն է եղել մեր համայնքում: Նրա հետ ամեն ինչ նայել ենք, հրահանգել է, որպեսզի շուտ հանձնաժողով ձևավորենք՝ վնասի չափը հաշվելու համար: Հանձնաժողովում կան նաև մարզպետարանի ներկայացուցիչներ, մասնագետներ, չափագրողներ: Շուտով նրանք կավարտեն իրենց աշխատանքը և արդյունքները կներկայացնեն Կառավարությանը` փոխհատուցման համար»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:
Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին