Ֆրանսահայ համայնքը Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ու հատուցման հայցեր է նախապատրաստում
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների Ֆրանսիայի հանձնախումբն ակտիվորեն աշխատում է պահանջատիրության փաստաթղթի ձևավորման ուղղությամբ, որը պետք է ներկայացվի Ֆրանսիայի քաղաքական դիսկուրսում: Լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի հանձնախմբի անդամ Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իրենց համար մնացել է հետևում, այսօր արդեն սկսել ենք հատուցման մասին խոսել:
«Ազգային խորհրդում նշեցինք հատուցման պահանջները` ինչ ենք ուզում Թուրքիայից և այդ հարցում ինչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայից: Հիմա այս աշխատանքն սկսվել է, լրագրողներն էլ խոսում են այս մասին, բոլորն սկսել են հասկանալ, որ միայն ճանաչումը քիչ է, պետք է հաշվի առնել մեր պահանջները` ֆինանսական, հողային, բարոյական»,- նշեց Հարութ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` բարոյական տեսանկյունից կարևոր է, որ Հայոց ցեղասպանության զոհերն ամրագրվեն Թուրքիայի պատմության մեջ կամ որ այդ տարածքում մնացած հայկական հուշարձանները պահպանվեն: «Սրանք օրինակներն են, որ մենք պատրաստում ենք պահանջատիրության փաստաթուղթը, որը պետք է ներկայացնենք Ֆրանսիայի քաղաքական մարտերում»,-ավելացրեց զրուցակիցը:
Հարութ Մարտիրոսյանը, անդրադառնալով Ֆրանսիայում այս տարի անցկացված միջոցառումներին, նշեց, որ մոտ 300 ձեռնարկ է կյանքի կոչվել: «Ֆրանսիան այն երկիրն է, որ պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր է սահմանել 2012-ից, մեծ քաղաքական հաջողություն ունեցանք, որ Ֆրանսիայի նախագահը ներկա եղավ Երևանում անցկացվող միջոցառմանը, վարչապետն էլ` Փարիզում, տարբեր ցուցահանդեսներ կազմակերպվեցին, քաղաքապետարանները մեծ գործ կատարեցին, հատկապես Փարիզի քաղաքապետարանը, որը մեզ շատ օգնեց 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հարցում»,-նկատեց Հարութ Մարտիրոսյանը:
Նա հայտնեց, որ 2015-ը սկզիբն է Հայաստանի ու Սփյուռքի հզորացման, համատեղ հաջորդական աշխատանքների: Հարութ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` 2018-ին էլ պետք է պատրաստվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը նշելու համար: