«Պահեստազորի սպաների համահայկական միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել սահմանամերձ գոտում իրավիճակի վերաբերյալ
Society«Պահեստազորի սպաների համահայկական միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին քաղաքացիական անձանց զոհվելու և վերջին շրջանում սրված հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ:
«Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմաններում լարվածության կտրուկ սրումը, հակառակորդի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը, խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերը լրջորեն անհանգստացնում են մեզ: Չնայած հայկական կողմի ձգտումին` կոնֆլիկտը լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, Ադրբեջանի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակցությունների ընթացքում հայկական կողմի խաղաղասիրական կեցվածքը ընդունելով թուլության, վախկոտության նշան, հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությամբ հույս ունի ընթացող բանակցությունների ընթացքում մեզ պարտադրել իր կամքը:
«Պահեստազորի սպաների համահայկական միություն» ՀԿ-ն հայտարարում է, որ հայ սպայի բազկի ուժը ադրբեջանցիներն զգացել են պատերազմի տարիներին և եթե մոռացել են, ապա մի անգամ էլ կհիշեցնենք:
ՀԿ-ի բոլոր անդամներն անխտիր, ովքեր պատերազմի բովով անցած, հաղթելու արվեստին տիրապետող ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպաներ և զինծառայողներ են, պատրաստ են հենց այսօր մեկնել սահմանամերձ շրջաններ` կանգնելու հայ զինվորի կողքին, փոխանցելու նրանց մեր հարուստ փորձը, համատեղ պատժելու թշնամուն և վրեժխնդիր լինելու այսօրվա անմեղ զոհվածների համար»,- նշված է «Պահեստազորի սպաների համահայկական միություն» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում: