Կառավարությունը խաղողի բերքը մթերելու համար անելու է հնարավորը
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը հանդիպել է մարզի խաղողագործներին, ովքեր վարչապետին են ներկայացրել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք, և կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի գյուղացիների բերքը մթերվի: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Արա րատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:
Կառավարության ղեկավարն անձամբ այցելել է նաև Արարատի մարզի մթերող կազմակերպություններ՝ ծանոթացել մթերման գործընթացին, Արարատի մարզպետարանում հանդիպել մթերող ընկերությունների ղեկավարներին և համայնքապետներին: Վարչապետը կարևորել է վերջիններիս սերտ համագործակցությունը՝ մթերումները պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով: