Վարչապետն Արարատի մարզպետարանում հանդիպում կունենա խաղող մթերող գործարարների հետ
EconomicsՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Երևան-Արարատ ճանապարհը փակած խաղողագործ գյուղացիների հետ:
Վարչապետը լսել է գյուղացիների մտահոգությունները մթերման դժվարությունների հետ կապված:
Աբրահամյանը տեղում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին հանձնարարել է կազմել խաղողի բերքի ծավալների ցուցակներն՝ ըստ գյուղերի: Վարչապետը նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձարարել է գործարանների ղեկավարներին հրավիրել Արարատի մարզպետարան, որտեղ Աբրահամյանը հանդիպում կունենա նրանց հետ՝ խաղողի պատշաճ մթերումը կազմակերպելու հարցերը քննարկելու համար: Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիները բացել են ճանապարհը: Արմավիրի մարզի բնակիչները սեպտեմբերի 18-ին փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը` պահանջելով լուծել խաղողի մթերման խնդիրը:
Լարված իրավիճակ էր նաև Արարատի մարզում: Փոքր Վեդի գյուղի մշակույթի տան բակում հավաքվել էին մեծ թվով գյուղացիներ Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերական, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն և այլ գյուղերից, ովքեր պահանջում էին, որ ՀՀ գյուղնախարարությունը կատարի խոստումը: Գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Խոր Վիրապի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար էր եղել: Գյուղացիներն ազատել էին ճանապարհը միայն գյուղնախարարի ժամանելուց հետո: