Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
International newsԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) հետ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։
Հանդիպման ընթացքում շարունակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների շուրջ քննարկումները։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով Պառավաքարում մեկ կին է զոհվել, ևս երկու զոհ է գրանցվել Բերդավանում։
Իսկ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):