Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար Մարզամշակութային կենտրոն կկառուցվի
SocietyԱյն, որ Տավուշի մարզն իր սահմանամերձ գյուղերով թուրք-ազերիների համար դարձել է թիրախային կետ, փաստ է: Նորություն չէ նշել նաեւ, որ հակառակորդն իր կողմից թույլ տված սխալների, այն է՝ զինադադարի ռեժիմի խախտումը, դիվերսիոն հարձակումները եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների ուղղությամբ տարբեր զինտեխնիկայի կիրառումը, մշտապես արժանի հակահարված է ստանում սեփական երկրի սահմաններն ամուր պահող հայ զինվորների կողմից: Ի հեճուկս ադրբեջանական իշխանությունների եւ դրանց սպասումների՝ սահմանապահ գյուղերի բնակիչները ոչ միայն չեն հուսալքվում եւ հեռանում իրենց բնակավայրից, այլեւ հայտարարում են, որ իրենք երբեք էլ չեն վախեցել թշնամուց:
Որպես աջակցություն սահմանապահ գյուղաբնակներին՝ պետության կողմից արդեն իսկ իրականացվել են մի շարք ֆինանսական ծրագրեր, որոնք համալրվում են նաեւ անհատների կողմից իրականացված եւ իրականացվող օգնություններով: Վառ օրինակներից է հայրենասեր Հայկ Ղուկասյանի ծրագրերից մեկը, որն իրականացվում է սեփական ջանքերով:
Վաղը` սեպտեմբերի 26-ին՝ առավոտյան 10:00-ին, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի հարակից հատվածում, սկիզբ կդրվի Մարզամշակութային կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ըստ Հ. Ղուկասյանի խոսքի՝ մարզամշակությաին կենտրոնը համալրված է լինելու 25 մ երկարություն ունեցող լողավազանով, 2 մինի և մեծ ֆուտբոլի դաշտերով, համակարգչային, նկարչության, քանդակագոծության և երաժշտության լսարաններով:
Այս ամենը, իհարկե, նախատեսված է Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր և Չինարի գյուղերի շուրջ 14.000 բնակչության համար: Ինչպես տեսնում ենք, թե´ պետության, թե´ անհատների կողմից հնարավորության սահմաններում արվում է գրեթե ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչները, այսուհետ չունենալով որեւէ խնդիր, քայլեն ժամանակակից աշխարհին զուգահեռ:
Սոսե Չանդոյան