Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին աջակցելու համար պարգևատրված գործիչները խոստացան հետագայում էլ սատարել հայրենիքին
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ու անցկացման աշխատանքներին գործուն աջակցության համար Հայաստանի ու սփյուռքի մի խումբ գործարարներ, հասարակական գործիչներ արժանացան պետական բարձրագույն պարգևների: ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում կատարվեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ պարգև ստացողներից յուրաքանչյուրի ներդրումը համազգային նշանակության միջոցառումների գործում, իրոք, շատ մեծ է: Նա շնորհակալություն հայտնեց իր կոչին անսալու և ողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար: «2015 թվականը բացառիկ տարի է բոլորիս համար: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախանշել և իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ միջոցառումների աշխարհագրության, ընդգրկուն ծավալի և որակի մասին, կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ ևս խոսելու: Իմ գնահատականը հետևյալն է. մենք՝ որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն, պատվով հանձնեցինք այս քննությունը: Մենք պատշաճ մակարդակով և իրապես բարձր հնչեղությամբ տեղ հասցրեցինք մեր ուղերձը»,- շեշտեց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` աշխարհում չգտնվեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արվեստագետ, նվիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիվանագետ, կամավոր կամ պաշտոնյա, գիտնական կամ հոգևորական: «Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր: Եվ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր Սուրբ նահատակների հիշատակի առջև»,- ընդգծեց նա:
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած բարերար Գաբրիել Ջամբարջյանը շնորհակալ է ստացած պարգևի համար, բայց միջոցառումներին աջակցել է ոչ թե շքանշան ստանալու համար, այլ սրտի թելադրանքով: «Ամենաբարձր պարգևը դեռ չեմ ստացել, բայց ինչ անում եմ` պարգևի համար չեմ անում: Միակն եմ այսօր, որ ստացել եմ այս պարգևը, բայց հուսով եմ, որ ինձ նման տասնյակները կստանան հայրենքին ծառայելու համար»,- ասաց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը` ավելացնելով, որ միշտ պատրաստ է ականջալուր լինել Հայաստանին աջակցելու յուրաքանչյուր հորդորի:
Երախտագիտության մեդալի արժանացած արվեստաբան Ջուլիա Մոթլուն, ով 42 տարի է` գործունեություն է ծավալում Թուրքիայում, երջանիկ է պարգևը ստանալու համար: Նրա խոսքով` զբաղվում է Թուրքիայի բեմերում հայ երգ ու պարի տարածմամբ: «Վերջին աշխատանքս էլ հայկական տարազների ներկայացումն է: 100 տարվա համար 100 տարազ ցուցադրեցի»,- հայտնեց Ջուլիա Մոթլուն` հավելելով, որ թուրքերը ծածուկ, բայց խոսում են Հայոց ցեղասպանության մասին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների Լիբանանի հանձնախմբի ատենապետ Սեդա Խդշյանը հանձնախմբի 2015-ի ամենամեծ ձեռքբերում համարում է 60 հազարից ավելի մարդկանց քայլարշավը Բեյրութում: «Մեզ հետ քայլեցին նաև տեղացիները: Մենք բազմաթիվ խորհրդաժողովներ ունեցանք Լիբանանի համալսարանների հետ համագործակցությամբ, ինչը նշանակում է, որ լիբանանցի ժողովուդրը հետաքրքրված է ու մեր պայքարին ու ցավին մասնակից է: Մշակութային, քարոզչական, կրոնական ձեռնարկները համայնքի համատեղ ջանքերով են եղել: Պետք է ասեմ, որ աննախադե պ երևույթ էր, որ կուսակցական, քաղաքացիական բոլոր խմբավորումները համախմբված էին մեր կառույցի մեջ, ու դրա համար է, որ այդ գործունեությունը ծավալվեց այդքան բարձր մակարդակով»,- շեշտեց Սեդա Խդշյանը: