Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի հրետակոծությունից վիրավորված զինվորներին
SocietyԱդրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 25-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես «Արմենպրես»-ի ն տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:
Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց, և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ վիրավորված ՊԲ 16 զինծառայողներից 4-ը տեղափոխվել են Երևան` ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: