Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրեց հայկական խեցեգործությունը
SocietyԳեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի գիտաշխատողների ուժերով Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներին, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին, ուսանողներին ներկայացվեց թանգարանում պահպանվող խեցեգործական իրերի մասին դասախոսություն եւ ընդհանուր տեղեկատվություն:
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկաները ծանոթացան Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից պեղված, տարբեր պատմական ժամանակաշրջաններ արտացոլող եւ թանգարանում ցուցադրվող խեցեղեն նմուշներին:
«Նախորդ դարի 80-ականների սկիզբն էր, երբ մեր համաքաղաքացի Ռազմիկ Մելոյանը իր տան բակում, շինարարություն կատարելիս, անակնկալ հայտնաբերել է Ք.Ա. 1-ին հազարամյակի դամբարան: Դամբարանում նա գտավ մարդու ամբողջական ոսկորներ, ապարանջան, երկաթե սուր եւ խոյակերպ մի սափոր: Ռազմիկին հաջողվել է անվնաս հողից դուրս բերել միայն սափորը, որն այսօր խնամքով պահպանվում է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում»,- նշեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:
Ռազմիկ Մելոյանը, ով հրավիրված էր միջոցառմանը, կոչ արեց համերկրացիներին՝ ցանկացած հնագիտական նշանակության իր հանձնել թանգարանի պահպանությանը:
«Հնում մարդիկ իրենց սերումը կապել են ինչ-որ կենդանու հետ եւ պատրաստել տվյալ կենդանուն պատկերող կավե նմուշներ ու դրանք դարձրել պաշտամունքի առարկաներ: Գտնված խոյակերպ սափորն էլ դրա վկայությունն է. այն ունի բացառապես ծիսական նշանակություն:
Այս խոյակերպ սափորի կողքին, պահպանվում են շատ ու շատ խեցեղեն նմուշներ, որոնք թվագրվում են Ք.Ա. 3-րդ հազարամյակով եւ դրան հաջորդող ժամանակներով: Խեցեգործական արվեստը մեզանում գալիս է հազարամյակների խորքից, որի հիմնական մասը դեռեւս գտնվում է չպեղված` հազարավոր դամբարաններում, հողի տակ թաղված հին կամ միջնադարյան բնակատեղիներում»,- ընդգծեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: Բանախոսը ներկայացրեց նաեւ խեցեգործական իրերի պատրաստման տեխնոլոգիական միջոցները:
«Մարդիկ ծեփելու, ձեռքի կամ ոտքի դուրգի միջոցով պատրաստել են տարատեսակ կավե նմուշներ: Հետաքրքիր են հատկապես կովի ստինքին նմանվող գնդաձև ամանները, որոնց թվաքանակը հնում ցույց է տվել, թե որքանով է տվյալ ժամանակաշրջանում ու տվյալ տարածքում զարգացած եղել կաթնարտադրությունը»,- հավելեց Մանյա Չարվադարյանը:
«Խոսում է կավը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում խեցեգործության բացառիկ նմուշներ են ժամանակին գտնվել Նոր Բայազետում, Հացառատում, Սարուխանում, Լճաշենում, բազմաթիվ այլ համայնքներում:
«Հայկական կավը աշխարհին հայտնի է եղել իր յուրօրինակությամբ: Օրինակ` մի արաբ բժիշկ նշել է, որ եթե հայկական կավը խառնեն թույլ գինու հետ, այն պարզապես հրաշքներ կգործի՝ բուժելով ամենատարբեր հիվանդություններ: Կավն այսօր օգտագործվում է նաեւ օճառի բաղադրության մեջ: Կավի ուժը ժամանակին գովերգել է Օմար Խայամը՝ իր քառատողերից մեկում կուժը համարելով վշտոց սիրահար: Հողը լռություն է, լուռ իմաստություն, նրան միանում է կրակը, հետո` ջուրը, եւ ծնվում է կավը: Սակայն, երբ այդ երեքին գումարվում է Արարչի ոգին, ծնվում է ոգեղեն նյութը»,- հայկական խեցեգործությունն այսպես արժեւորեց թանգարանի ավագ գիտաշխատողը: