«Մյուռոնի քավոր»-ի առաքելությանն է արժանացել բարերար Հայկ Տիտիզյանը
SocietyՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատ Բաց խորանում 7 տարին մեկ անգամ ընթացող Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայր 2015-ին դարձավ Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:
Հայ եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորը անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը` «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարեւոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով, սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:
Հայ առաքելական եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ: Մյուռոնօրհնությունը կատարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մյուռոնի Կնքահայրը ներկայացնում է համայն հայությունը: Ջրօրհնեքի արարողությունը, ի տարբերություն Մյուռոնօրհնեքի, տեղի է ունենում հայկական բոլոր եկեղեցիներում, և յուրաքանչյուրն Եկեղեցի ունի Խաչի իր քավորը: Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելութ յանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:
Մյուռոնի քավորն ընտրվում է` հաշվի առնելով ազգային-եկեղեցական կյանքում նրա ունեցած ավանդը: Քավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի:
Մյուռոնի քավոր 2001-ին եղել է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը, 2008-ին` ամերիկահայ բարերարՍարգիս Բեդևյանը: