«Հարատևում». Երևանում անցկացվեց Ցեղասպանության տարելիցին նվիրված գրական- երաժշտական երեկո
Society«Գթություն պատերազմից և աղետներից տուժածների պահպանման Գոհար» հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական երեկո կազմակերպեց: Սեպտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում անցկացված «Հարատևում» խորագիրը կրող երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երգիչ Ալեքսանդր Ժույկովը, հեղինակ կատարող Արամ Գյուրջյանը,երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, «Կարին&ra quo; ավանդական երգի և պարի համույթը:
«2015-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք նույնպես որոշեցինք միջոցառում կազմակերպել: Ցանկանում ենք այս միջոցառումը մի քանի համերգով կազմակերպել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Մեր կազմակերպությունն առ այսօր շատ է միջոցառումներ կազմակերպել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գթություն պատերազմից և աղետներից տուժածների պահպանման Գոհար» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գագիկ Խալաթյանը:
Երեկոյի մասնակից արտիստները ներկայացրին երգեր, բանաստեղծություններ ու պարային համարներ: Հեղինակ կատարող, ասմունքող Արամ Գյուրջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրել էր Չարենցի ստեղծագործությունները:
««Մահվան տեսիլ»–ը և «Քամին» իրենց մեջ խորհուրդ ունեն. ոչ միայն ուղղված են անցյալին, այլև որոշակի զգուշացում են` ապագայի առումով: Հատկապես «Քամին» բանաստեղծության մեջ զգուշացում կա`այն է, թե քամին պիտի վերադառանա, որ հոգիները ներխուժի. սա կարծես ուղղված է միջազգային հանրությանը, որն այդպես էլ չի առերեսվում անցյալի հետ: Հայոց ցեղասպանությունը որոշ դեպքերում նախադեպի վերածվեց»,-նշեց Արամ Գյուրջյանը:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ներկայացրեց ստեղծագործություններ, որոնք դաշնամուրային կատարմամբ են ուղեկցվում, և դրանք հիմնականում սիրուն նվիրված գործեր են:
«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր մարտական ընկերոջը` Գագիկ Խալաթյանին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար:
«Մենք ավելի շատ ասելիք ունենք մեր ժողովրդին, քան օտարին: Օտարն արձագանքում է Հիտլերի տեսքով, ով ասում է, թե` ով է հիշում Հայոց ցեղասպանության մասին: Օտարն արձագանքում է Սաֆարովի նման կեցվածքով, օտարը լռությամբ է արձագանքում Ջուղայի խաչքարերի միջոցառմանը: Ես կուզենայի, որ նման միջոցառումներն ուղղված լինեն ինքներս մեզ: Մի կարևոր բան կա`եղանք զորեղ`մեզ հետ հաշվի կնստեն, եղանք տոկուն. կարողացանք հաղթահարել մեր տկարությունը, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի»,-նշեց Գագիկ Գինոսյանը:
«Հարատևում» խորագիրը կրող երեկոն կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։