«Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել ջրատարների հիմնանորոգման 6 ծրագիր
EconomicsԳեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքում եկող տարում ոռոգման շրջանն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությունն արդեն ՀՀ կառավարություն է ներկայացրել ոռոգման ջրատար ցանցերի հիմնանորոգման կամ կառուցման 6 ծրագիր` հիմնավորելով դրանց հրատապությունը:
Ինչպես տեղեկացրեց «Վարդենիս» ՋՕԸ գործադիր տնօրեն Արմեն Նալբանդյանը, 2016 թվականին անհրաժեշտ է համարվում Կութի, Գեղամաբակ-Վարդենիսի, Ակունք-Խաչաղբյուր-Լուսակունքի, Մասրիկի, Սոթքի ոռոգման ինքնահոս ջրանցքների հիմնանորոգման եւ Շատվանում խորքային 2 հորերի կառուցման ծրագրերը: «Եկող տարի ավելի արդյունավետ ոռոգում կազմակերպելու նպատակով Կութ գյուղում պետք է հիմնանորոգվի 2 կիլոմետր երկարության ջրատար` կիսախողովակների տեղադրմամբ: Գեղամաբակ-Վարդենիս ջրանցքը պետք է բետոնային նորոգման ենթարկվի 2,5 կիլոմետր երկարությամբ: Ակունք-Խաչաղբյուր-Լուսակունք ջրատարում անհրաժեշտ է նորոգել կես կիլոմետր երկ արության հատված:
1 կիլոմետր երկարության բետոնային կապիտալ նորոգման աշխատանքներ ենք նախատեսել Մասրիկի ջրանցքում, 250 մետր երկարության կապիտալ նորոգման աշխատանքներ` Սոթքի ջրանցքում, խորքային երկու հորի կառուցման աշխատանքներ` Շատվան գյուղում: Հուսով ենք, որ եկող տարվա ոռոգման շրջանը կկարողանանք դիմավորել ավելի նորոգ, սպառողներին անկորուստ ոռոգման ջուր մատակարարող համակարգերով: Նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո կհստակեցվի այն գումարի չափը, որը պետք է ծախսվի մեր կողմից ներկայացված 6 ծրագրերի իրականացման համար»,- նշեց Արմեն Նալբանդյանը:
Խոսրով Խլղաթյան