ԿԳՆ-ն մշտապես արձագանքել է իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին. դեսպան
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարն ընդգծել է դեսպանի անձնական մեծ ներդրուmը հայ-իրանական հարաբերություններում, մասնավորապես, կրթության և գիտության ոլորտում: Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ Մոհամմադ Ռեյիսին` որպես գիտնական, կշարունակի աջակցությունը կրթական տարբեր ծրագրերի իրականացմանը:
«Իհարկե, կան դեռ բազում խնդիրներ հայ-իրանական համագործակցության համատեքստում, սակայն ակնհայտ է, որ դրանց լուծման հարցում մեր մոտեցումները մշտապես եղել են արդար և պրոֆեսիոնալ»,-նշել է նախարարը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հնչած բարձր գնահատականի համար` ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում իսկապես հաջողվել է կյանքի կոչել բազում նախագծեր: Նա վստահեցրել է, որ նոր դեսպանի օրոք այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ, ավելին` կմեկնարկեն նոր նախագծեր: Մոհամմադ Ռեյիսին նաև ընդգծել է, որ նախարարությունը մշտապես ընդառաջել և արագ լուծում է տվել իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դիպլոմների փոխճանաչման հարցը, ինչպես նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության, ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի, ԵՊՀ-ի և Թեհրանի համալսարանների միջև համագործակցության հնարավորությունը: