Առողջապահության նախարարությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստորագրել են 2014-2015թթ. գործողությունների ծրագիրը
SocietyՀայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, շնորհավորելով պաշտոնավարման առթիվ, նշել է, որ անցած 20 տարվա ընթացքում հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանին հաջողվել է շատ խնդիրներ լուծել։
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Իմունականխարգելմանը, երեխաների առողջ զարգացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված և մի շարք այլ, այդ թվում` հանրային առողջապահական ծրագրերի շնորհիվ, նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները, բարելավվել է երեխաների առողջությունը։ «Վերջին հինգ տարում իրականացված համատեղ ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններն առավել ակնառու են»,-շեշտել է նախարարը` հույս հայտնելով, որ կհաջողվի այսուհետ խորացնել այդ ձեռքբերումները։
Տանյա Ռադոչայը, շնորհակալություն հայտնելով Արմեն Մուրադյանին արդյունավետ համագործակցության համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը արդեն իսկ հաջողություններ արձանագրած թիմի հետ։ «Հատկապես տպավորիչ է, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարելավումով մոտենում եք հազարամյակի նպատակներին»,-ասել է Տանյա Ռադոչայը` նշելով, որ վերջերս հաստատված Կայուն զարգացման նպատակները հստակեցնում են անելիքները մինչև 2030 թվականը։
Այնուհետև քննարկվել են հանրային առողջապահական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արմեն Մուրադյանը ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 2007թ. սկսած մեծ ճանապարհ է անցել։ Սակայն հանրության որոշ խմբեր փորձում են լարվածություն ստեղծել։ «Մենք վստահ ենք, որ դա օգտակար ծրագիր է։ Եվ հաստատակամ ենք հարցը հուզական դաշտից մասնագիտական, ապացուցողական բժշկության վրա հիմնված քննարկումների դաշտ տեղափոխելու գործում»,-ասել է նախարարը` ներկայացնելով, որ նախարարությունը դաշտը հագեցրել է տարբեր խոշոր համալսարաններից ստացված ծանրակշիռ նյութերով։
Տանյա Ռադոչայը նշել է, որ հանրային առողջապահական ծրագրերը շատ երկրներում են հասարակության կողմից դժվար ընկալվում։ Շատ դեպքերում էլ հակաքարոզչությունը ծառայեցվում է այլ շահերի։ Երկուստեք նշվել է, որ հանրային առողջապահական ծրագրերը հանրության կողմից դժվար են գնահատվում, քանզի դրանց արդյունքներն ակնհայտ են դառնում տարիների ընթացքում։
Արմեն Մուրադյանը հավելել է, որ Հայաստանը լուրջ ձեռքբերումների է հասել նաև իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ։ Երկրում վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը ցածր է 1 տոկոսից։ Նախարարը շեշտել է, որ երկիրը շատ է կարևորում ինչպես բարձրորակ պատվաստումների ձեռքբերումը, այնպես էլ պատվաստումների բարձր ընդգրկվածության ապահովումը։ Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը 2015թ. գրեթե կրկնապատկել է ծրագրի ֆինանսավորումը։
Տանյա Ռադոչայը հիշատակել է, որ անցած տարի աշխարհի տարբեր երկրներում վարակիչ հիվանդությունների բռնկումներ են արձանագրվել, մինչդեռ Հայաստանը կարողացավ զերծ մնալ դրանից, թեև հարևան վրաստանում կարմրուկի մեծ բռնկում կար:
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության 5-ամյա ռազմավարական փաստաթղթի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է 2014-2015թթ. գործողությունների երկամյա ծրագիր:
Տանյա Ռադոչայն առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցելու նպատակով։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։