ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը նվիրված գագաթնաժողովը կարեւորել Է քաղաքացիական անձանց պաշտպանությունը
SocietyՄԱԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել հաջակցություն հակամարտությունների ընթացքում քաղաքացիական բնակչության պաշտպանության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, ասված է նիստի արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:
«Քաղաքացիական անձանց պաշտպանությունը կարեւորագույն պատասխանատվություն է մեզ բոլորիս համար: Խաղաղ բնակիչներին պաշտպանելու անկարողությունը ոչ միայն վտանգի է ենթարկում նրանց կյանքը, այլեւ խախտում է խաղաղության պահպանման հարցերում ՄԱԿ-ի հեղինակությունն ու լեգիտիմիությունը»,- նշվում է փաստաթղթում:
Նիստի մասնակիցները նաեւ «պարտավորվել են արդիականացնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները՝ դրանց հաջողությունն ապահովելու համար»:
Համաշխարհային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, փակելով մեկօրյա գագաթնաժողովը, սեպտեմբերի 29-ին հայտնել է, որ գագաթնաժողովի մասնակիցներին հաջողվեց պայմանավորվածության հասնել ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար լրացուցիչ 40 հազար զինծառայողներ եւ ոստիկաններ տրամադրելու շուրջ:
«Նրա խոսքով՝ ի լրումն անձնակազմի, «50-ից ավելի երկրներ խոստացել են տրամադրել ավելի քան 50 ուղղաթիռ, 15 ինժեներային վաշտ եւ տասը դաշտային հոսպիտալ»:
ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ կայացած գագաթնաժողովին մասնակցել են հիսունից ավելի պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Մալայզիան, Պակիստանը, Սերբիան, Ուկրաինան եւ Ճապոնիան:
Առավել մեծ թվով խաղաղապահներ՝ 8 հազար, սեպտեմբերի 29-ին խոստացել է հատկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ամերիկացի զինծառայողների թիվը, որը ներկայում հասնում Է հազարի, կրկնապատկելու մտադրության մասին:
Ներկայում աշխարհում իրականացվում է 16 խաղաղապահ գործողություն, որոնց մասնակցում են 106 հազարից ավելի զինծառայողներ եւ ոստիկաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: