Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Բոստոնում կմասնակցի Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին
CultureԴաշնակահարուհի Նարե Արղամանյանը վստահ է`ամեն գործիք կարծես վառ անհատականություն է`մարդու նման: Երիտասարդ երաժշտի խոսքով` գործիքով նվագելու համար դաշնակահարը պետք է «թափանցիկ» լինի: Արմենպրես-ը զրուցել է Նարե Արղամանյանի հետ գործիքի, ծրագրերի, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգների և այլ հարցերի շուրջ:
Ոչ մի դաշնակահար չպետք է ասի`գործիքը վատն է…
Դաշնակահարը պետք է հաշտվի յուրաքանչյուր գործիքի հետ:Անկախ նրանից`լավն է գործիքը, թե վատը: Կարծում եմ, որ ոչ մի դաշնակահար չպետք է ասի, որ գործիքը վատն է, որովհետև շատ հեշտ է մեղքը գցել գործիքի վրա: Դաշնակահարը պետք է փորձի իր մտքերն ու ապրումները վերարտադրել գործիքի միջոցով:
Դաշնամուր նվագելն ինքնարտահայտվելու միջոց է: Սպիտակ ու սև ստեղները մտքերի, ապրումների, գույների մի ծածկ են: Սև ու սպիտակ ստեղներն իրենց մեջ շատ ավելի գույներ են պարունակում, քան մարդը կարծում է:
Դաշնակահարուհին`Հայաստանում նվագելու մասին
Հայաստանում նվագելիս ինչ-որ հուզմունք կա, կարոտ, սպասում: Այս ամենը գումարվում է:
Հասմիկ Պապյանի հետ ձայնագրվող սկավառակն ընթացքի մեջ է
Չգիտենք`թե երբ այն կիրագործենք, որովհետև երկուսս էլ շատ զբաղված ենք: Բայց այն կլինի հայկական ստեղծագործություններից բաղկացած CD:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից
Այս տարի բավական համերգներ եմ նվագել`նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հոկտեմբերի 18-ին նվագելու եմ Բոստոնում`ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է. կկատարեմ Շոստակովիչի առաջին կոնցերտը, երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Մաեստրոն ինքն էլ լինելու է այդ համերգին: Դեկտեմբերին էլ ծրագրված է մեկ համերգ Գերմանիայում, կկատարեմ Ռավելի կոնցերտը:
Ձայնասկավառակ`բիսերից
Իմ բոլոր բիսերից կազմված ձայնասկավառակ եմ պատրաստում: Հիմնականում իմ համերգների վերջում ես 3-4 բիս եմ կատարում: Որոշեցի մի ձայնասկավառակ թողարկել, այնտեղ կլինեն նաև վերջին տարվա իմ մշակումները:
Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ծնվել է 1989 թվականին և սկսել դաշնամուր նվագել 5 տարեկանից: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2004 թվականին 15 տարեկանում դարձել է Վիեննայի երաժշտության և արվեստների համալսարանի ամենաերիտասարդ սաներից մեկը: Հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ, մի շարք մրցույթների դափնեկիր է:
Նյութը`Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները`Ֆելիքս Առուստամյանի