ԵԱՏՄ-ում ռուբլիով առևտրի առաջարկը բխում է Հայաստանի շահերից. պատգամավոր
EconomicsՌազմավարական նշանակության ապրանքների առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում ռուբլիով իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը տեղին է և բխում է Հայաստանի պետական և տնտեսական շահերից: Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Խոսքը տվյալ դեպքում էներգակիրների մասին է, և եթե միայն խոսենք գազի ներկրման թվերի մասին, ամեն ինչ պարզ կդառնա, թե ինչու է այդ առաջարկը մեզ համար շահավետ: Մենք Ռուսաստանից տարեկան ներկրում ենք 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ: 1.7 միլիարդը, եթե բազմապատկենք ներկայում գործող սակագնով՝ 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար, կստանանք մոտավորապես 350 միլիոն դոլար: Եթե հաշվի առնենք նաև ռազմավարական այլ ապրանքատեսակները՝ նավթը, դիզվառելիքը և բենզինը, մենք կտեսնենք, որ ընդհանուր առմամբ դա կազմում է շուրջ 600 միլիոն դոլար գումար: Պարզ է, որ Ռուսաստանին դոլարով վճարելը մեզ համար բեռ է, և մենք այստեղ տուժում ենք»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը գազի, բենզինի, դիզվառելիքի գների հարցում պետք է կարողանա ճկուն քաղաքականություն վարել:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանի համար ձեռնտու չի լինի այդ ապրանքատեսակների առևտուրն իրականացնել ռուբլիով՝ Մելքումյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը միասնական տնտեսական կառույց է, և վաղ թե ուշ այդ միության անդամ երկրներն անցնելու են միասնական տնտեսական հաշվարկների: «Տնտեսական շահը և տնտեսական քաղաքականությունը պետք է զուգորդվի համապատասխան քաղաքականությամբ: Եվ հենց նման հարցերում է կարևոր այն, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Մենք ժամանակի ընթացքում այս հարցի վերաբերյալ պետք է կարողա նանք համապատասխան լուծումներ գտնել»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական շրջանակների կողմից արձագանք չի եղել ՀՀ վարչապետի առաջարկին՝ Մելքումյանը նկատեց, որ արձագանքներն այդքան հեշտ չեն լինում: «Մենք պետք է հաշվի առնենք, որ բյուջետային տարվա կեսից չեն կարող հստակ արձագանքել այդ առաջարկին: Աշխատանքային ձևաչափով այդ քննարկումներն անպայման գնում են, սակայն ես տեղյակ եմ, որ ռուսական, մերձբալթյան և եվրոպական փորձագիտական որոշ շրջանակներ դրական են գնահատել այդ առաջարկը»,- ասաց պատգամավորը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի կողմից նման առաջարկ է հնչել, ինչը, կարելի է ասել, Հայաստանի կառավարության դիրքորոշումն է, իսկ Հայաստանի կարծիքը չի կարող անտեսվել, քանի որ այն ԵԱՏՄ լիիրավ անդամ երկիր է: