ՀՀ Ֆինանսների փոխնախարարը Թեհրանում քննարկել է մաքսային ծառայությունների համագործակցության զարգացման հարցեր
EconomicsՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, Սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով գտնվել է Թեհրանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԻԻՀ և ՀՀ մաքսային ծառայությունների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել է կատարվել մաքսային տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակմանը, ֆինանսական և համատեղ ներդրումային ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանահատող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նախնական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Առաջիկայում համապատասխան համաձայնագիրը կլրամշակվի և կնախապատրաստվի ստորագրման:
Կողմերը նշել են զբոսաշրջության զարգացման նպատակով Իրան-Հայաստան սահամանային անցակետում երկու երկրների քաղաքացիների սեփական փոխադրամիջոցներով սահմանի հատման ընթացակարգերի պարզեցման, բեռների և ուղևորների հոսքն ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԻԻՀ օտարերկրյա ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազայիի հետ բանակցություններում քննարկվել են Իրան-Հայաստան փոխգործակցության նոր հնարավորությունները` կապված Իրանի նկատմամաբ միջազգային պատժամիջոցների վերացման, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունից հետո փոխադարձ ներդրումների խթանմանն առնչվող հարցեր:
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է Թեհրանի Արևմտյան մաքսատուն և Սպահան քաղաքի մաքսակետ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը: