«Կոմիտաս» փառատոնի շրջանակում անցկացվեց կամերային երաժշտության երեկո
Culture«Կոմիտաս» փառատոնի շրջանակում վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտում անցկացվեց կամերային երաժշտության երեկո: Սեպտեմբերի 29-ին անցկացված համերգին մասնակցեցին ու Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը ներկայացրին Իրինա Զաքյանը (սոպրանո), Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):
Նրանց նվագակցեց Արմեն Աղաջանյանը (դաշնամուր):
«Կարծում եմ` շատ լավ ծրագիր է ստացվել: Ներկայացնում ենք անպայման Կոմիտասի որևէ ստեղծագործություն և մեր հայ կոմպոզիտորների երգերը` այն, ինչ ցանկացել ենք: Կոմիտասը շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ, որ հայ ազգը հասկանա, որ Կոմիտասը շատ կարևոր մի առաքելություն է արել մեր ժողովրդի համար` ազատել է հայերին անճաշակությունից, գռեհկությունից: Շատ կուզենայի, որ ժողովուրդը հասկանար, ճանաչեր ինքն իրեն, կարդար Կոմիտասի կյանքի մասին»,- նշեց սոպրանո Իրինա Զաքյանը:
Երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանն ընդգծեց, որ մեծամասամբ Կոմիտասի գործեր է ներկայացրել:
«Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, առաջին անգամ եմ Մեսչյանի ստեղծած այս վայրում, շատ հաճելի է ելույթ ունենալ: Շատ հաջողված դահլիճ է ստացվել` ակուստիկայի առումով»,-նշեց նա: Խոսելով Կոմիտասի մասին` երգիչը նշեց, որ Կոմիտասն իր համար լուսավորիչ է:
Կոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ կներկայացվեն երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին` Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն` Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Նրանք ներկայացրին Կոմիտասի «Պատարագ»-ը:
Փառատոնի նախաձեռնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան), երգչախմբերը, «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: Բացի այդ, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: