«Գրական տապան» միջազգային փառատոնն ամփոփեց արդյունքները
CultureԱմենամյա «Գրական տապան» միջազգային փառատոնն ամփոփեց արդյունքները: Սեպտեմբերի 21-29-ն անցկացված գրական տոնը տպավորել է փառատոնի մասնակից գրողներին:
«Ցավոք, վերջին երկու տասնամյակում Հայաստանում գրողների և հանրության կապը բավական թույլ է: Մենք նման փառատոններ քիչ ունենք: Փառատոնը շատ կարևոր է, և նման 5-ը պետք է ունենանք»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված ամփոփման ժամանակ նշեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ փառատոնը նաև հնարավորություն է տալիս հիշեցնելու հանրությանը հայ գրողների մասին:
Բանաստեղծ Էդուարդ Հարենցի խոսքով` այս տարվա փառատոնը տարբերվում էր նախորդներից: Նա իր խոսքում հատկապես կարևորեց այն փաստը, որ «Գրական տապան»-ն ընդլայնում է համագործակցությունն այլ փառատոնների հետ:
Փառատոնի մասնակից բանաստեղծ Ամիր Օրն էլ նշեց, որ փառատոնին մասնակցելն իր համար լավ փորձ է եղել: «Այս օրերին ես հնարավորություն ունեցա ծանոթանալ հայ մշակույթին. շատ ընդհանրություններ կան հայերի ու հրեաների միջև: Շատ ջերմ, հյուրընկալ մարդիկ եք»,-նշեց նա:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական տապան»-ի այս տարվա կարգախոսն էր «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի: «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության:
Փառատոնի մասնակիցներից էին ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք: «Գրական տապան 2015» փառատոնի շրջանակում տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։ Քառասուն գրողներ Հայաստանից և աշխարհի 18 երկրներից` փառատոնի օրերին հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ:
Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ):