Իտալիայում կայացած «Հիշողությունների բիենալե»-ի շրջանակում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելցին նվիրված նիստ
CultureԻտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով եղել է Իտալիայի Պուլիայի նահանգի Մարտինա Ֆրանկա քաղաքում: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել Մարտինա Ֆրանկայի քաղաքապետ Ֆրանկո Անկոնայի հետ: Հանդիպ մանը քննարկվել են հայ-իտալական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Կայացել է նաև դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը «Italiadecide» ասոցիացիայի նախագահ և Իտալիայի պատգամավորների պալատի պատվավոր նախագահ Լուչիանո Վիոլանտեի հետ: Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման բազմաբնույթ միջոցառումներն աննախադեպ էին թե քանակի և թե բովանդակային առումով: Այդ կապակցությամբ դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լուչիանո Վիոլանտեին նրա ցուցաբերած աջակցության և մասնակցության համար:
Երեկոյան տեղի է ունեցել «Italiadecide» ասոցիացիայի և Իտալական հանրագիտարանի կողմից կազմակերպած «Հիշողությունների բիենալեի» փակման արարողությունը, որի վերջին նիստը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բանախոսների թվում են եղել դեսպան Սարգիս Ղազարյանը, քաղաքապետ Ֆրանկո Անկոնան և «Italiadecide»-ի նախագահ Լուչիանո Վիոլանտեն: Նրանք խոսել են Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունների կանխարգելման հարցում հիշողության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Սարգիս Ղազարյանը և Լուչիանո Վիոլ անտեն հատուկ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ներկայացրել են Ադրբեջանի հայատյաց և հակամարտության կարգավորման հարցում ապակառուցողական ու ռազմատենչ քաղաքականությունը, վերջինիս կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ հետ շփման գծում իրականացվող սադրիչ և լարվածության աճի հետամուտ թշնամական գործողությունները:
Բիեննալեի ավարտից հետո «Anima Mea» դասական երաժշտության փառատոնի շրջանակում Մարտինա Ֆրանկայի հայտնի «Դուկալե» պալատում կայացել է նշյալ փառատոնի կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հերթական համերգը: Համերգի բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Սարգիս Ղազարյանը և Լուչիանո Վիոլանտեն: Պուլիայի «Florilegium Vocis» երգչախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները և իտալերենով ընթերցվել են Դանիել Վարուժանի բանաստեղծությունները:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են Պուլիայի զանգվածային լրատվամիջոցների կողմից: