Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Քրիստոնեական եկեղեցիների պատվիրակությունների հետ
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 28-30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Ս. Մյուռոնի օրհնության արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական եկեղեցիների պատվիրակությունների հետ:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը մյուռոնօրհնությանը հաջորդող օրերին ընդունել է Ղպտի ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Հյուսիսային Սինայի Կոզման եպիսկոպոսի, Հնդիկ Մալաբար եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Մումբայի միտրոպոլիտ Գևարգհես Մար Կուրիլոսի, Սերբիայի ուղղափառ եկեղեցու Մորավիայի Անտոնի եպիսկոպոսի գլխավորած պատվիրակությանը, Ռումինիայի ուղղափառ եկեղեցու Տրանսիլվանիայի միտրոպոլիտ Լավրենտիոս Ստրեզային, Նոր Ջուստինիանա յի և Համայն Կիպրոսի Քրիզոստոմոս Բ արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Նեապոլի Պորփյուրիոս եպիսկոպոսին, Չեխիայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Միխալցովեյի և Կոշիցեի Յուրայ արքեպիսկոպոսին, Վրաց ուղղափառ եկեղեցու Փոթիի և Խոբսկի միտրոպոլիտ Գրիգորիին, Ալբանիայի ուղղափառ եկեղեցու Աստի եպիսկոպոսին, Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Նյուքասլի Մարտին Վարթոն եպիսկոպոսին և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ Դանիել քահանա Բուդային:
Հանդիպումների ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնօրհնությանը բերած մասնակցության և աղոթակցության համար իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներին:
Նորին Սրբությունը պատվիրակների միջոցով իր եղբայրական ողջույններն է փոխանցել նաև եկեղեցիների հոգևոր պետերին` նրանց սրբազան առաքելության արդյունավորման համար հայցելով Ամենակալ Աստծու հովանին և զորակցությունը: