ՏԱՇԻՐ խումբը 5 տարիներին ՀԵՑ-ում կներդնի միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում. ՀՀ վարչապետ
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության նիստում անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացված միջազգային խորհրդատվության առաջին փուլի արդյունքներին, հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ քննարկել են հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:
«Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը: Քանի որ ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի եր կարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգահամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործողԿասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ընդառաջելով խնդրանքին, կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր ԻՆՏԵՐ ՌԱՈ խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: «Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժա մանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը: Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով: