Մեկնարկեց «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակներում անցկացվող սոցիալական ծրագիրը
SocietyԵրևանում մեկնարկեց «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակներում անցկացվող սոցիալական ծրագիրը:Արմենպրես-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 1-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 2797 բնակիչներ կենցաղային տեխնիկայի տեսքով բազմապիսի նվերներ կստանան: «Արդեն գեղեցիկ և բարի ավանդույթ է դարձել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մեկնարկել սոցիալական ծրագրով, որի շրջանակներում մայրաք աղաքի տարեթվին համապատասխան թվով ընտանիքներ ընդգրկվում են այս սոցիալական ծրագրում», - ասաց քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Ռուզաննա Զաքարյանը:
Նա հավելեց, որ ծրագիրը ներառում է տարբեր սոցիալական խմբերում ընդգրկված անձանց` Արցախյան պատերազմում զոհված ընտանիքների անդամներ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված կարիքավոր ընտանիքներ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքները, 2014-2015թ. սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներ, վաստակաշատ, արվեստի, մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և այլն:
Ցուցակներում այս տարի չեն ընգրկվել նախորդ տարի նմանատիպ ծրագրով նվերներ ստացած ընտանիքները, միաժամանակ, ցուցակները կազմելիս հաշվի են առնվել քաղաքացիների առաջարկները: Նման ընտանիքներից մեկի` Մալաթիա թաղամասի սեփական տներից մեկի մեկ սենյակում տարեց ամուսնու, 4 և 5 տարեկան թոռնիկների հետ բնակվող Ասյա Մանուկյանի ընտանիքի առաջարկն, օրինակ, ընդգրկվել է ծրագրում: «Թոռնիկներիս ես և ամուսինս ենք պահում ու խնամում: Իմ երազանքն էր ունենալ սառնարան, և աչքերիս չեմ հավատում, որ պահարանի տեղն օգտագործվող սառնարանի փոխարեն ունեցա երկար սպասված սառնարան: Հեռուստացույց չունեմ, սակայն ինձ համար ամենակարևորն այս սառնարան ունենալն էր», - ասաց Ասյա Մանուկյանը:
Շատ ընտանիքների համար քաղաքապետարանի աշխատակիցների այցելությունն անակնկալ էր: Երկու սենյակում տասը հոգով բնակվող Ծաղիկ Իսոյանի ընտանիքը քաղաքապետարանից նվեր ստացավ մեկ այլ սառնարան, իսկ սոցիալապես անապահով մեկ այլ ընտանիք, որի երիտասարդ անդամը համակարգիչ չուներ, քաղաքապետարանը նվիրեց պլանշետ: