Մանկավարժական ուղղվածության բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ. ԿԳ նախարար
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ ներառական կրթության խնդիրը վերջերս կրկին հանրային քննարկումների օրակարգ է մտել:
«Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի ներառական կրթությունը համապատասխանի յուրաքանչյուր երեխայի իրավունքին: Նախապատրաստել ենք գործողությունների ազգային ծրագիր, համաձայն որի, 2025թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ունենան ներառական կրթություն կազմակերպելու կարողություն: Պետությունն այսպիսի քաղաքական կամք է դրսևորել, և որևէ ֆինանսական կամ կազմակերպական խնդիր խոչընդոտ չի կարող հանդիսանալ, նման խնդիրներ ունեցող երեխաների ապագայի համար: Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որի միջոցով հնարավոր է հազարավոր երեխաների հասարակո ւթյուն վերադարձնել որպես լիարժեք մարդ: Կրթությունն այն բանալին է, որը կարող է դուռ բացել դեպի ավելի լավ ապագա այդ երեխաների համար»,- նշել է նախարարը և հավելել, որ ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի հաջողությունը հավելյալ ուժ է՝ հավատալու այս կարևոր բարեփոխման հաջողությանը:
Նախարարի խոսքով, համընդհանուր ներառականության գաղափարախոսությունը և բարեփոխումը ողջ հասարակությանն է անհրաժեշտ. «Դա նախևառաջ մեզ է հարկավոր, քան այն երեխաներին, ովքեր դառնալու են այդ բարեփոխման ուղղակի շահառուները: Այն բարոյահահոգեբանական փոփոխությունները, որոնք անդառնալիորեն կատարվում են համընդհանուր ներառականության անցմամբ, նախևառաջ բարիացնում են հասարակությանը: Միայն ֆորմալ իմաստով է այդ համակարգը կոչված երեխային հասարակություն վերադարձնելու համար, բովանդակային իմաստով ներառական կրթության համակարգը բոլոր մարդկանց ավելի բարի ու համերաշխ դարձնելու արդյունավետ գործիքներից մեկն է: Համընդհանուր ներառականության բարեփոխումը հնարավոր չէ իրականացնել առանց հանրային աջակցության, որը մենք այսօր զգում ենք ՀԿ-ների ու ԶԼՄ-ների մեկնաբանություններից: Մենք զգում ենք հանրային կառույցների, ծնողական հանրույթի, քաղաքացիական ինստիտուտների աջակցությունը»,- շեշտել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ռեֆորմի հաջողվածության կարևոր պայմանը մանկավարժական կրթության զարգացումն է: Նախարարն ընդգծել է, որ մանկավարժական ուղղվածության բուհերն ի սկզ բանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ և պատրաստեն հենց այդ ուղղությամբ մասնագետներ:
Գիտաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը, միջազգային կառույցների, օտարերկրյա դեսպանատների, հանրային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ և օտարերկրյա հյուրեր: