Միջազգային հանրությունն ամբողջովին չի կիրառում իր լծակները Ադրբեջանի սադրանքները զսպելու համար. Բեքարյան
PoliticsՄիջազգային հանրությունը ունի համապատասխան լծակներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սադրիչ գործողությունները զսպելու համար, սակայն դրանք ամբողջովին չի կիրառում: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Ես կարծում եմ , որ դրա պատճառն այն է, որ շահերն արժեքներից վեր են դասվում: Սա նոր բան չէ համաշխարհային քաղաքականության մեջ: Նման կեցվածքը շատ վտանգավոր է, որովհետև եթե առաջին հայացքից դա թվում է բնական, չկա պատկերացումը նրա, որ դա աշխատում է շատ կարճաժամկետ կտրվածքով: Եթե հիմա իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և հակամարտությունը վերածվի լայնածավալ ռազմական գործողությունների, անգամ նրանք, ովքեր իրենց շահերով շարժվելով նպաստ էին բերում իրավիճակին, չեն շահելու: Կողմերից որևէ մեկը չի շահելու՝ դա կլինեն համակարտության անմիջական կողմերը, դա կլինեն հա րևանները, դա կլինեն միջնորդները: Այսինքն, այս բանաձևը աշխատում է շատ կարճաժամկետ, նույնիսկ որոշ ժամանակ նրանց մոտ այս գիտակցումը գալիս է և փորձում են ինչ-որ բան անել, սակայն չեն անում՝ ելնելով միմյանց միջև շահերի բախումից»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս ամենը չգիտակցելը և դրան համարժեք գործողությունները չպլանավորելը ստեղծում է պատասխանատվության բեռ թափված արյան համար: «Այս ընկալումը շատ դանդաղ հասունանում է, սակայն այդ դանդաղության ներքո մեր տղաների կյանքերն են վտանգի տակ»,- ընդգծեց նա:
Կարեն Բեքարյանը բերեց նաև անցյալ տարի ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օրինակը, երբ այդ նույն միջազգային հանրությունը համարժեք արձագանք չտվեց, ինչի արդյունքում հայկական կողմը ստիպված եղավ ռազմական օպերացիայի դիմել և խոցման վայրից դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի դիերը: «Երբ խոցվել էր ուղղաթիռը, այն ընկել էր չեզոք վայրում: Ուղղաթիռի անձնակազմի վերաբերյալ տեղեկատվություն չկար: Անհրաժեշտ էր այդ մարդկանց դուրս բերել այդ տարածքից, սակայն դուք հիշում եք, թե դրանից ինչ պատմություն սարքեց Ադրբեջանը: Հայաստանը, Արցախը այդ մի քանի օրերի ընթացքում միջազգային ատյան չմնաց, որոնց չդիմեին՝ պահանջելով զսպել Ադրբեջանին, որ թույլ տա այդ տարածքից հանել ուղղաթիռի անձնակազմը: Սակայն մենք տեսանք, որ միջազգային հանրությունը ոչինչ չարեց, որից հետո էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իրականացվեց ռազմական օպերացիա, դուրս բերվեցին այնտեղից տղաների դիերը, իսկ այդ գործողության արդյունքում սպանվեցին ադրբեջանցիներ: Եվ դրանից հետո միջազգային հանրությունից որևէ մեկն իրեն թույլ չտվեց ասել, թե ինչու այսպես եղավ, որովհետև բոլորի համար հստակ ու տեսանելի էր, որ հայկական կողմի համար այլ ելք չէր մնացել»,- եզրափակեց պատգամավորը: