«Սանիթեք» ընկերությունը ծառայություններ է մատուցում նաև Նոր Նորքում
SocietyԵրևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաև Նոր Նորք վարչական շրջանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջանի առաջինից իններորդ զանգվածներում առկա հին աղբամանները փոխարինվել են շուրջ 650 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում:
Աղբահանությունը Նոր Նորքում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում:
Մինչև տարեվերջ «Սանիթեք»-ը կսկսի սանմաքրման և աղբահանության ծառայություններ մատուցել նաև Ավան, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում: